ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԽԱՉՎՈՒՄ ԵՆ ԱՅՆՊԻՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՇԱՀԵՐԸ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ ԱՄՆ-Ը, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ»

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԽԱՉՎՈՒՄ ԵՆ ԱՅՆՊԻՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՇԱՀԵՐԸ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ ԱՄՆ-Ը, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ»
21.05.2010 | 00:00

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի շուրջ է զրույցը ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ։
-Պարոն Իսագուլյան, շատ գնահատականներ կարելի է լսել այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումը Հայաստանի կողմից ճիշտ քայլ չէր: Ի՞նչ կասեք այս մասին:
-Հայաստանի նախագահի հայտնի որոշումից հետո, որի մասին նա հասարակությանը տեղեկացրեց ապրիլի 22-ին, կարելի է տարբեր տեսակետներ լսել, թե ճի՞շտ էր արդյոք արձանագրությունները Ազգային ժողովում վավերացնելու գործընթացի կասեցման մասին որոշումը, թե կային այլ հնարավորություններ, որոնց օգտագործումը մեզ ավելի շահեկան վիճակի մեջ կդներ: Իմ կարծիքով` այնքան էլ տեղին չէ խոսել այդ որոշման ճիշտ կամ սխալ լինելու մասին: Այսինքն, նման հարցադրումն ինքնին սխալ է ներկա պայմաններում: Պետք է խոսել այս կամ այն որոշման նպատակահարմարության մասին՝ հաշվի առնելով մեր շահերը և թուրք ընդդիմախոսների, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացի շուրջ առկա արտաքին ուժերի դիրքորոշումները: Գործընթացի կասեցումը, այլ ոչ թե դրանից Հայաստանի դուրս գալը, առավել նպատակահարմարն է այս պայմաններում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում խաչվում են այնպիսի արտաքին ուժերի շահերը, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը: Դրանք տարածաշրջանում ավանդաբար ներկայացված ուժերն են, որոնց հովանու ներքո և որոնց դիվանագիտական աջակցությամբ շատ գործընթացներ են տեղի ունենում Հարավային Կովկասում, և հայ-թուրքական հարաբերություններն այս առումով բացառություն չեն: Հայաստանի դուրս գալը գործընթացից ոչ միայն վատ կընկալվեր Վաշինգտոնի, Մոսկվայի, Փարիզի, Բրյուսելի և այլ քաղաքական կենտրոնների կողմից, այլև կխորհրդանշեր իրական գործընթացը բացարձակապես չարտացոլող պատկեր։ Գործընթացից պետք է դուրս գա այն կողմը, որն ամեն կերպ դրան խոչընդոտում է: Ակնհայտ է, որ նման կողմ է Թուրքիան, ուստի գործընթացից դուրս գալու մասին որոշումն ակնկալվում էր Թուրքիայի, այլ ոչ թե Հայաստանի կողմից:
Գաղտնիք չէ նաև այն, որ Վաշինգտոնում, Մոսկվայում և Փարիզում կայացած Հայաստանի նախագահի նախնական խորհրդատվությունները վկայում են արտաքին ուժերի կողմից սույն տարվա ապրիլի 22-ի որոշմանը լիարժեք հավանության մասին: Ամերիկյան պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ Հայաստանի նախագահի որոշումը նրանց համար անակնկալ չէր: Շատերի համար տհաճ անակնկալ կլիներ, եթե Հայաստանը հանկարծ որոշեր կտրուկ դիվանագիտական քայլերի դիմել և հետ կանչեր իր ստորագրությունն արձանագրություններից: Այս իրավիճակը շատ նման է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին: Վերջինում ակնհայտ են Բաքվի մաքսիմալիստական կեցվածքը և նրա մշտապես հնչող ուժային բնույթի հայտարարությունները: Եթե Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չի տեսնում, ապա «թող դուրս գա գործընթացից» և բացեիբաց հայտարարի, որ պատրաստվում է պատերազմի: Նույնպես և Թուրքիան. եթե նա պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների հավասարակշռված կարգավորմանը, որը, ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել երկու հայտնի արձանագրությունների տեսքով, ապա թող անթաքույց հայտարարի այդ արձանագրությունների անընդունելիության մասին և երկար ժամանակով փակի հայերի հետ հաշտության հնարավորությունը:
Բացի այդ, եթե Հայաստանը հետ կանչեր իր ստորագրությունները և դրանով իսկ միակողմանիորեն դուրս գար գործընթացից, ապա նա անգնահատելի ծառայություն կմատուցեր թուրքական դիվանագիտությանը: Բանն այն է, որ դեռ անցած տարվա հոկտեմբերից, այսինքն` Ցյուրիխում արձանագրությունները ստորագրելու պահից մինչև այս տարվա ապրիլի վերջը, թուրքերը սկսեցին սխալներ թույլ տալ և հասկանալ, որ հետզհետե էլ ավելի կաճի նման սխալներ թույլ տալու հավանականությունը: Այդ սխալները Թուրքիայի կողմից ակնկալվող չկայացած որոշ սպասումների մեջ էին. բարդությունների առաջացում Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերություններում, Հայաստանի հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու սկզբունքային դիրքերից, ղարաբաղյան հիմնախնդրում Հայաստանի հետ հատուկ հարաբերությունների մեջ գտնվող Ռուսաստանի կողմից Հայաստանին զիջումների պարտադրում, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252 (նախկին 106) բանաձևից վերջնական հրաժարում: Այս սխալները ոչ միայն Թուրքիայի մտավոր թերհաշվարկի հետևանք էին, այսպես կոչված, վերլուծական ոլորտի սխալներ, այլև պայմանավորված էին արտաքին քաղաքական մի քանի ուղղություններով միաժամանակ արդյունավետ դիվանագիտություն «վարելու» անկարողությամբ, ի թիվս որոնց, բացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, կարելի է նշել կիպրոսյան կարգավորումը, քրդական հիմնախնդիրն իր սահմանների ներսում և հարակից տարածքներում, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ տարվող ծանր երկխոսությունը Բրյուսելի հետ, մասնակցությունը ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակմանը և այլ հիմնախնդիրներ: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոնկրետ խնդիր ունի, այն է՝ 2011 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրի հասարակական-քաղաքական դաշտը չծանրաբեռնել «ավելորդ» հիմնախնդիրներով:
Նման պայմաններում, կրկնեմ միտքս, Հայաստանը մեծ նվեր կաներ Թուրքիային, եթե իր վրա վերցներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողելու նախաձեռնության դերակատարումը:
Գործընթացից դուրս գալու իրավունքը Հայաստանն ի սկզբանե ուներ: Նման որոշում մենք կարող էինք կայացնել տվյալ գործընթացի ցանկացած փուլում, քանի որ այդ բոլոր փուլերն ուղեկցվում էին թուրքական կողմի դեստրուկտիվ հայտարարություններով, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու սահմանները բացելու համար նախապայմանների մշտական առաջադրումով, որոնք մշտապես շիկացնում էին այդ գործընթացի մթնոլորտը: Մեզ համար դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը ինքնանպատակ չեն, որոնց մենք պետք է ձգտենք ամեն գնով: Թուրքական կողմի նախապայմանները հենց Հայաստանի նկատմամբ ոչ ճիշտ և խորապես ոչ անկեղծ դիրքորոշման մեջ էին, որը կոչված էր մինչ գործընթացը Թուրքիայի կողմից առկա հակահայկական քաղաքականությունը շարունակելուն: Վերջինս գործընթացում թեկուզ նվազագույն հնարավորություն էր փնտրում Հայաստանին թուլացնելու և համապատասխանաբար մեր դիրքերը բարելավելու որևէ հնարավորություն թույլ չտալու համար ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային առումով: Սակայն համարձակվում եմ Ձեզ հավաստիացնել, որ մեր ղեկավարությունը լավ էր պատկերացնում Թուրքիայի քաղաքականության նրբությունները թե՛ գործընթացի սկզբում, թե՛ դրա հիմնական փուլերի ծավալման ընթացքում: Մեր ղեկավարությունը մշտապես ուներ իր քաղաքականությունը և Թուրքիայի գերագնահատված ու միաժամանակ սխալական սպասումները չեզոքացնելու հակագործողությունները: Այսպես, այն ժամանակ, երբ Թուրքիան ամեն կերպ փորձեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը կապել սահմանների ամրագրման հարցի հետ, որպես Հայաստանի ու Թուրքիայի միջև հետագայում անվիճելի պետական սահման, մեր ղեկավարությունն սկսեց ընդգծել այդ հարցերը փոխադարձ կապված չլինելու և առանց այդ հարցի հետ կապելու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին, օրինակ` երկու երկրների արտգործնախարարությունների միջև նոտաների փոխանակման միջոցով: Երբ թուրքական կողմը փորձեց հայ-թուրքական սահմանի բացումը կապել Դաշտային Ղարաբաղի տարածքների խնդրի հետ, ապա մեր կողմից անմիջապես հայտարարություններ հնչեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության մասին՝ Շահումյանի շրջանը, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը վերադարձնելու միջոցով: Երբ թուրքերը սկսեցին խոսել պատմական հարցերով միջկառավարական ենթահանձնաժողովի կողմից Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը քննարկելու անհրաժեշտության մասին, մեր ղեկավարությունը դրան արձագանքեց այդ ենթահանձնաժողովի աշխատանքներում ոչ թե Հայոց ցեղասպանության փաստը, այլ մինչ օրս շարունակվող դրա հետևանքները վերացնելու քննարկման առաջարկությամբ: Հայաստանի և սփյուռքի միջև ճեղքվածք առաջացնելու Թուրքիայի փորձերը չեզոքացվեցին ոչ միայն հայկական գաղթօջախներով նախագահ Սարգսյանի հայտնի շրջագայությամբ ու խոշոր հայ համայնքների հետ հանդիպումներով, այլև նրա` բավականին խորհրդանշական ու կարևոր գործողությամբ՝ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով (գերեզմանի այցելությամբ ու ծաղկեպսակի տեղադրումով):
Այսպիսով, թուրքական կողմի ցանկացած փաստարկին, որն ամեն կերպ փորձում էր բարդացնել ու ժամանակի առումով ձգձգել հայ-թուրքական արձանագրությունների դրույթների իրականացումը, մենք ունեինք մեր հակափաստարկը, որոնք հնչեցվում էին օպերատիվ ու համարժեք ռեժիմով:
-Անցած տարի Դուք հարցազրույց տվեցիք հայ-թուրքական գործընթացի շուրջ, որում Ձեր գնահատականներն ու կանխատեսումները հետագայում հաստատվեցին: Կարո՞ղ եք նման գնահատականներ ու կանխատեսումներ կատարել՝ ելնելով ներկայիս այն իրավիճակից, որն ունենք Հայաստանի նախագահի ապրիլի 22-ի հայտարարությունից հետո:
-Այդ հարցազրույցում ես փորձել էի ներկայացնել հայ-թուրքական գործընթացի հետ կապված Հայաստանի ղեկավարության խորքային նպատակները: Այն ժամանակ հիմնական եզրակացությունն այն էր, որ Հայաստանի նախագահն իր վրա պատասխանատվության մեծ բեռ է վերցնում, որպեսզի մերկացնի Թուրքիայի իրական պլանները, մեր հասարակությանը ցույց տա հայերի հետ անկեղծ հաշտեցման Թուրքիայի անպատրաստակամությունը: Մեր տված գնահատականը, ընդհանուր առմամբ, հաստատվեց այն առումով, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն ի սկզբանե լավ գիտակցում էր, որ Թուրքիան պատրաստ չէ կարգավորմանն այն ձևով, ինչ կերպ դա ներկայացված էր արձանագրություններում: Սակայն թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական տեսանկյունից կարևորն այն էր, որ մեր հասարակությանը և ամբողջ աշխարհին Թուրքիայի նման դիրքորոշումն ի ցույց դրվեր, ինչպես ասում են, փաստերը սեղանին դնելով: Հայաստանին դա հաջողվեց անել: Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ առաջիկա տարվա ընթացքում, մինչև Հայոց ցեղասպանության հաջորդ տարեդարձը:
Չգիտեմ դա լավ է, թե վատ, բայց այնպես է ստացվել, որ Հայոց ցեղասպանության տարելիցների նախօրյակին (ապրիլի 22-ին) հայ-թուրքական հարաբերություններում փուլային իրադարձություններ են տեղի ունենում: Ես կուզենայի ծավալուն գնահատական տալ, որի հիման վրա կարելի կլիներ ենթադրել Թուրքիայի հետագա գործողությունները: Հայաստանն իր խոսքն ասել է, և այժմ քայլը թուրքական կողմինն է: Նախ, պետք է նշել, որ Հայաստանի նախագահի ապրիլի 22-ին արված հայտարարությունից հետո հայ-թուրքական գործընթացում ձևավորվող իրավիճակի գիտակցումը ժամանակ է պահանջում, որպեսզի արվեն օբյեկտիվ կանխատեսումներ: Ընթացիկ պահին կարելի է որոշ ենթադրություններ անել այդ գործընթացի շրջանակներում Թուրքիայի հետագա քայլերի մասին:
Թուրքական կողմից արդեն ազդանշաններ կան այն մասին, որ Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելուց հետո այնտեղ մտորում են իրենց հետագա քայլերը: Ներկայիս դադարը բացատրվում է ոչ միայն վերլուծությունների ու դրանց հիման վրա մտածված որոշումների ներկայացման անհրաժեշտությամբ, այլև Թուրքիայի արտաքին քաղաքական բնույթի էական քաղաքական նկատառումներով: Այս տեսակետից մենք ենթադրում ենք, որ շուտով (Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարած այցելությունից հետո) հայ-թուրքական գործընթացի հետ կապված Թուրքիան կարող է նոր առաջարկություններ անել: Դրանով կարող է արտահայտվել Թուրքիայի հավանական կարևոր նպատակներից մեկը հայ-թուրքական գործընթացի շրջանակներում՝ հաջորդ «հայ-թուրքական քաղաքական տարվա» հեռանկարում գործընթացին հաղորդել տարածաշրջանային բնույթ, ինչը ենթադրում է այդ գործընթացի «ղեկից» ԱՄՆ-ի արտամղումը:
Այս ընդհանուր նպատակից հետևում է ավելի ֆունկցիոնալ նշանակության Թուրքիայի մեկ այլ նպատակ, այն է` մեկ տարվա հեռանկարում (մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը) հայ-թուրքական գործընթացը հանգեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ առանց սահմանի բացման:
Կարելի է ենթադրել, որ նշված ընդհանուր և ֆունկցիոնալ նպատակները Թուրքիայի համար ունեն հետևյալ դրական կողմերը.
1. Սահմանի բացման հեռանկարը դառնում է անորոշ, ինչը Թուրքիայի համար վերացնում է ներքին և արտաքին քաղաքական սահմանափակիչները: Ներքաղաքական առումով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մինչև 2011 թվականի խորհրդարանական ընտրություններն օրակարգից հանում է խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժերի (ժողովրդահանրապետական կուսակցություն և «Ազգայնական շարժում» կուսակցություն) համար խիստ զգայուն հարցը, այն է՝ Հայաստանի հետ սահմանի բացումը «մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը»:
Եթե հայ-թուրքական կարգավորման հետագա ընթացքը հանգեցվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամրագրմանը, ապա Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համար կվերացվեն խորհրդարանում ընդդիմադիր ուժերի անզիջում դիրքորոշման հիմքերը: Հասկանալի է, որ խորհրդարանական ընդդիմության հետ անհամաձայնության պատճառով խորհրդարանում արձանագրությունների վավերացման անհնարինության մասին ԱԶԿ-ի պնդումներն իրականում ուշադրությունը շեղելու բնույթ են կրում: Միևնույն ժամանակ, հաջորդ տարվա ամռանն սպասվող ընտրությունների նախաշեմին ԱԶԿ-ի համար շատ հարմար կլիներ արձանագրությունների տեքստից իրականացնել միայն այն, ինչը նպաստավոր է թուրքական կողմի համար. առաջին հերթին դա սահմանի ամրագրումն է և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որոնք, ինչպես հայտնի է, ընդհանրապես խորհրդարանական վավերացման կարիք չունեն և կարող են ձևակերպվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև նոտաների փոխանակման տեսքով:
Նման նոր առաջարկությամբ հանդես գալը Թուրքիային հնարավորություն կտար, մի կողմից, զերծ մնալու արձանագրությունների վավերացման հետ կապված իր համար անցանկալի ներքին և արտաքին քաղաքական հակազդեցություններից, միաժամանակ` արձանագրությունների մի շարք կոնկրետ դրույթների գործնական իրականացման անհրաժեշտությունից: Մյուս կողմից, արտաքին քաղաքական համատեքստում Հայաստանի հետ սահմանի բացման հետաձգումը, բացի այդ հարցի շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հակասությունների աստիճանի նվազումից, ունի հեռահար նպատակահարմարություն նաև այնպիսի դերակատարների համար, ինչպիսիք են ԵՄ-ն և Ռուսաստանը: ԵՄ-ի համար այժմ կարևոր է կենտրոնանալ կիպրոսյան հիմնախնդրի վրա, որը ներկա փուլում հանդիսանում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի հիմնական սահմանափակիչը: Ռուսաստանի առումով առաջին հայացքից ակնհայտ է, որ Մոսկվան շահագրգռված է սահմանի բացմամբ նախ և առաջ տնտեսական նկատառումներով: Սակայն, եթե սահմանը բացվի մինչև 2011 թվականի ապրիլի 24-ը, այսինքն` առաջիկա «հայ-թուրքական օրացուցային տարին», ապա այդ բացումը կհամարվի ամերիկյան դիվանագիտության ջանքերի արդյունք կամ նվազագույնը՝ այդ ջանքերի իներցիայի արդյունք: Այլ կերպ ասած, Ռուսաստանի դիվանագիտական վաստակը նման բացման մեջ հրապարակային դիվանագիտական արտահայտությամբ խիստ համեստ կլինի: Սակայն Մոսկվայի համար կարևոր է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարածաշրջանային բնույթ տալու շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնության ընդհանուր եզրերի առաջացման պարագայում, հայ-թուրքական գործընթացում որակական առաջխաղացումների դիվանագիտական «դափնիները» չկիսել արտաքին որևէ ուժի (առաջին հերթին` ԱՄՆ-ի) հետ:
2. Հայ-թուրքական գործընթացում Թուրքիայի համար գլխավոր քաղաքական դիվիդենդը, այն տեսքով, ինչպես դա նախատեսված է հայ-թուրքական արձանագրությունների գործնական մասում, Հայաստանի և Թուրքիայի միջև փաստացի առկա սահմանի ամրագրումն է՝ որպես Հայաստանի կողմից ճանաչված միջազգային-իրավական պետական սահման: Հայաստանի Սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 12-ի հայտնի որոշումը, որը բացասական արձագանքի արժանացավ թուրքական ղեկավարության կողմից, միջնորդավորված ձևով մեզ իրավունք է վերապահում հետագայում Թուրքիայի հետ սահմանային գծի վերանայման պահանջներ առաջ քաշելու, որն իր ներկայիս տեսքը ստացել է Արևմտյան Հայաստանի հայության նկատմամբ Թուրքիայի իրականացրած ցեղասպանության քաղաքականության պատճառով: Միջնորդվածությունը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանն իր որոշման 5-րդ կետում հղում է կատարում Հայաստանի անկախության Հռչակագրի 11-րդ հոդվածի վրա և այդպիսով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կապում է հետագայում Հայաստանի կողմից հայությանը հասցված վնասի փոխհատուցման, այդ թվում նաև` տարածքային փոխհատուցման տեսքով, օրինական պահանջների ներկայացման հնարավորության հետ:
Այս առումով լիովին հասկանալի է, որ որոշ թուրքական և արտերկրյա փորձագետներ առաջարկում են հայ-թուրքական գործընթացում անցնել նոր «ճանապարհային քարտեզի» իրականացմանը, որը կներառի հետևյալ երկու տարրերը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի և Թուրքիայի միջև և հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչումը որպես պետական սահման Հայաստանի և Թուրքիայի միջև: Նման առաջարկություններով հանդես եկող որոշ փորձագետներ սերտ կապի մեջ են գտնվում թուրքական կողմի հետ: Այդպիսի փորձագետների շարքին վստահորեն կարելի է դասել Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisi Group) եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերին: Վերջինս «Թուրքիա և Հայաստան. կենտրոնանալով հնարավորի վրա՝ չակնկալելով առավելագույնը» վերնագրով հոդվածում (Turkey and Armenia: Focusing on the possible, not hoping for the best), որը հրապարակվել է թուրքական «Today's Zaman» օրաթերթի 2010 թվականի ապրիլի 27-ի համարում, վավերացման գործընթացի հայկական կողմի կասեցումը բնութագրում է որպես «հայ-թուրքական հաշտեցման գործընթացին ուղղված ևս մեկ հարված» և այնուհետև ընդգծում, որ «Համաձայն արձանագրությունների` Հայաստանը և Թուրքիան պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեին, ճանաչեին ու բացեին գոյություն ունեցող սահմանը և ստեղծեին պատմաբանների համատեղ հանձնաժողով: Վերջին երկու քայլերը՝ սահմանի բացումը և պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, հնարավոր չէ իրականացնել մոտ ապագայում: ՈՒստի Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները պետք է կենտրոնանան առաջին երկու հարցերի վրա: Հայկական և թուրքական կողմերը մի կողմ պետք է դնեն այն խնդիրները, որոնք ավելի լուրջ տարաձայնությունների պատճառ են դարձել՝ կենտրոնանալով ավելի նվազ հակասական հարցերի վրա: Անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և ճանաչել երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանը»: Նման փորձագետները թուրքական կողմի հետ համահունչ են աշխատում՝ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով հայ-թուրքական գործընթացի առաջխաղացումները կապելով ղարաբաղյան կարգավորման հարցում որակական քայլեր կատարելու, առաջին հերթին հակամարտության գոտում ստատուս-քվոյի փոխարինման անհրաժեշտության հետ:
3. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև նրանց միջև սահմանի՝ որպես պետական սահման, ամրագրումը չի շոշափում երրորդ կողմի շահերը (նկատի ունենք Ադրբեջանի շահերը), և վերջինիս կողմից որևէ դժգոհություն չպետք է առաջացնի: Ավելին, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների ամրագրումը շահավետ են Ադրբեջանի համար, եթե դիտարկենք, օրինակ, այնպիսի հարց, ինչպիսին Նախիջևանն է: Նախիջևանի ներկայիս կարգավիճակը որոշված է 1921 թվականի Կարսի պայմանագրով, և այդ կարգավիճակի երաշխավորներ են հանդես գալիս երեք երկրները (համաձայն Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածի՝ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը): Այսպիսով, հայ-թուրքական սահմանի ամրագրումն այն կերպ, ինչպես նշված է Կարսի պայմանագրում, տրամաբանական կլինի տարածել նաև Նախիջևանի ներկայիս կարգավիճակի ու սահմանների վրա: Համենայն դեպս, եթե Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագիրը հայ-թուրքական սահմանի մասով, ապա տրամաբանորեն նրանից պետք է սպասել նաև Նախիջևանի սահմանների ու կարգավիճակի ճանաչումը: Բացի այդ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ադրբեջանին լրացուցիչ քաղաքական երաշխիքներ կտա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների բացակայության պայմաններում, թուրքական կողմը լրացուցիչ հնարավորություններ ձեռք կբերի պաշտպանելու Նախիջևանի հետ կապված Ադրբեջանի շահերը անմիջապես Երևանում՝ օգտագործելով իր դիվանագիտական ներկայացուցչությունը:
Այսպիսով, մեր կանխատեսումը կայանում է նրանում, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացն առաջիկա տարում կփորձի հանգեցնել միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամրագրմանը:
-Դուք թվարկեցիք միայն Թուրքիայի համար դրական կողմերը, եթե նա փորձի գործել Ձեր ներկայացրած սցենարով: Իսկ ի՞նչ կասեք բացասական կողմերի մասին, եթե այդպիսիք կան:
-Իհարկե, այդպիսիք կան, և եթե Թուրքիան փորձի գնալ այդ ճանապարհով, ապա պետք է հասկանա, որ իրեն ոչ միայն առավելություններ, այլև որոշակի ռիսկեր են սպասում: Որպես այդպիսիք կարելի է նշել հետևյալները:
Ըստ ամենայնի, ամերիկյան և մասամբ եվրոպական ազդեցության ոլորտից հայ-թուրքական գործընթացի հեռացման և դրան «տարածաշրջանային բնույթ» հաղորդելու գլխավոր բացասական կողմը ԱՄՆ-ի կանխատեսելի բացասական արձագանքն է: Այստեղ հարց է ծագում. այս համատեքստում Վաշինգտոնն իրեն որքա՞ն խոցված կհամարի, որպեսզի սկզբունքային քայլեր ձեռնարկի նման փորձերը չեզոքացնելու, իսկ գործընթացին տարածաշրջանային բնույթ հաղորդելու մեջ Թուրքիայի հաջողության պարագայում՝ Թուրքիային նման քաղաքականության համար «պատժելու» ուղղությամբ: Որպես պատժիչ տարր պետք է համարել պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելը: Իմ կարծիքով, ԱՄՆ-ը թե՛ այժմ, թե՛ տեսանելի հեռանկարում (մինչև հաջորդ ապրիլի 24-ը) մտադրված չէ արմատապես վերանայելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Նշված կարճաժամկետ հեռանկարում ամերիկացիներին ձեռնտու է Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության պահպանումը, հետևաբար, նրանք չեն դիմի քայլերի, որոնք կտեղավորվեն Թուրքիայում «իշխանափոխության» համատեքստում: Ժողովրդահանրապետական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության դաշինքի իշխանության գալը նպատակահարմար չէ իրաքյան Քրդստանում անորոշ վիճակի և Իրանի հետ կապված խնդրի տեսանկյունից, որովհետև դժվար է կանխատեսել նշված դաշինքի գործողությունները, թեև հասկանալի է, որ Թուրքիայի ժողովրդահանրապետականները կմնան ամերիկյան արտաքին քաղաքական նպատակադրույթի ուղում: Այնուամենայնիվ, դժվար է կանխորոշել ազգայնականների գործողությունները և այդ դաշինքի կենսունակությունը, քանի որ պարզ է` ժողովրդահանրապետական կուսակցությունն ի վիճակի չէ ստանալու ձայների անհրաժեշտ քանակը և ինքնուրույն կերպով կառավարություն ձևավորելու Թուրքիայում առաջիկա ընտրությունների արդյունքում:
Տարակուսելի է նաև ԱՄՆ-ի սկզբունքային տրամադրվածությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ այդ դեպքում Թուրքիայից կարելի է այնպիսի կտրուկ քայլեր սպասել, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու հարցադրումը, եվրաինտեգրման գործընթացի կասեցումը և Ռուսաստանի ու Իրանի հետ սերտ համագործակցությունը, որը ներկա պայմաններում կհանդիսանա տարածաշրջանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղեգծի լիարժեք կործանումը: Վաշինգտոնում պարզապես պատրաստ չեն որակապես նոր արտաքին քաղաքական ուղեգիծ մշակելու ամբողջ Եվրասիայի տարածքում՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից սպասվող այդ քայլերը: Կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը և անձամբ Բարաք Օբաման ձգտեն Թուրքիայի հետ հարաբերությունների արմատական փոփոխմանը, ապա Պենտագոնը, պետդեպարտամենտը, ռազմաարդյունաբերական համալիրը, ֆինանսական ու ինդուստրիալ ոլորտի շրջանակները հակված չեն լինի նման վերանայմանը, և նրանց կարծիքը ԱՄՆ-ի նախագահը ստիպված է հաշվի առնել:
Թուրքիայի համար բացասական կլինի այն, որ հայ-թուրքական գործընթացի «սառեցման» պայմաններում կարագանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
Կուզենայի ընդգծել նաև հետևյալը: Հայ-թուրքական գործընթացի ներկայիս դադարն ամենևին չի նշանակում, որ մենք չենք կարող մեր մոտեցումները ներկայացնել այդ գործընթացի աշխուժացման համար: Նման մոտեցում կարող է հանդիսանալ այն արտաքին դերակատարներին ուղղված առաջարկությունը, որոնք պատրաստ են իրենց դիվանագիտական ծառայությունները մատուցելու հայ-թուրքական գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար, որի էությունն է երկու ժողովուրդների հաշտեցումը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պատասխանատվության ճանաչման հիման վրա՝ նպաստելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա պայմաններում առավել իրականանալիք հարցի լուծմանը, որպիսին, իմ կարծիքով, հանդիսանում է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակմամբ և դրա ձևակերպումը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև նոտաների փոխանակմամբ: Եթե Թուրքիան հերթական անգամ կփորձի նախապայմաններ առաջ քաշել, օրինակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ուղեկցել ներկայիս սահմանի ամրագրմամբ, որպես Հայաստանի և Թուրքիայի միջև վերջնական պետական սահման, ապա դա ցույց կտա Թուրքիայի անպատրաստ լինելը երկխոսությանը մասնակցելու առանց նախապայմանների: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը երբեք նախապայմաններ չի առաջադրել, իսկ այն, որ մենք համաձայնեցինք հայ-թուրքական հարաբերություններում առկա բարդությունների հաղթահարման փաթեթային լուծմանը՝ ստորագրելով հայտնի արձանագրությունները, ընդգծում է մեր կոնստրուկտիվ լինելը և պատրաստակամությունը գնալու համարձակ քայլերի: Եթե Թուրքիան պատրաստ չէ գնալու նման փաթեթային լուծման, ապա միգուցե նա կարող է հայ-թուրքական գործընթացում պատրաստ լինել լուծելու կոնկրետ խնդիրներ: Վերջին հաշվով, գուցե Թուրքիային դժվար է բազմաքայլ դիվանագիտական համակցություններ հաշվարկել (ի տարբերություն Հայաստանի), և մենք կարող ենք նրան օգնել պարզեցնելու «խաղը»՝ առաջարկելով առաջ գնալ մեկական քայլերով:
-Պարոն Իսագուլյան, կարո՞ղ եք տալ ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլի գնահատականը:
-Ներող եղեք, սակայն նպատակահարմար չեմ համարում հայ-թուրքական գործընթացին նվիրված հարցազրույցում հանգամանալից գնահատականներ տալ ղարաբաղյան հարցի կարգավորման ներկայիս զարգացումներին: Ես հասկանում եմ, որ ղարաբաղյան հարցի կարգավորմանը նվիրված իմ վերջին ծավալուն հարցազրույցից հետո անցել է արդեն շուրջ մեկ տարի, և այդ գործընթացի շուրջ նոր ու հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել, սակայն առաջարկում եմ համբերությամբ լցվել, մինչ ես մոտակա օրերին կպատասխանեմ այս թեմայի շուրջ Ձեր բոլոր հարցերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հարցին, կուզենայի միայն ընթերցողի հետ կիսվել այս գործընթացի հետ կապված մի նրբությամբ, որը նախորդեց հայ ժողովրդին ուղղված Հայաստանի նախագահի ընթացիկ տարվա ապրիլի 22-ի ուղերձին: Մինչ այդ, հաշվի առնելով Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումը, որն ամեն կերպ ձգտում է հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի կարգավորումները փոխկապակցել մեկ սյուժեի մեջ, մենք ունեինք հետագա քայլերի երկու տարբերակ: Դա 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից մեր ստորագրության հետկանչման տարբերակն էր, կամ Ազգային ժողովում արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը: Մեր ղեկավարությունն ընտրեց վերջինը, քանի որ, ինչպես արդեն նշեցի, դա առավել նպատակահարմար որոշում էր: Արտաքին ուժերը, գիտենալով, որ մեր առջև լուծման այդ երկու տարբերակներն են, մեր նախագահին առաջարկեցին, որ նա կտրուկ քայլի չդիմի, որպիսին, ըստ Վաշինգտոնի, Մոսկվայի, Փարիզի, կհանդիսանար արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչումը: Այս պայմաններում, մեր որոշումից հետո, որը մենք բաց ռեժիմով հայտնեցինք աշխարհին, արտաքին ուժերը չունեն ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ որևէ այլ իրավունք Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու, այդ թվում՝ զիջումներ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում: Մենք արդեն զիջել ենք թե՛ Թուրքիային, թե՛ արտաքին աշխարհին՝ մնալով հայ-թուրքական գործընթացի մեջ, և լուրջ չէ մեզնից որևէ այլ զիջում սպասելը: Ավելին, նշված այդ արտաքին ուժերն արդեն մեր նկատմամբ որոշակի դիվանագիտական պարտք ունեն:
Զրույցը վարեց Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ